Որտեղից է սկսվելու սահմանազատման հաջորդ փուլը․ մեկնաբանում է Մհեր Գրիգորյանը․

Երկուշաբթի, Դեկտեմբերի 9, 2024

Լոսւինե Հովհաննիսյան
3 շաբաթ առաջ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը գլխավորում է ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը, հայտարարել է, որ չի կարող ասել, թե Կիրանցից հետո որ ուղղությունից է սկսվելու սահմանազատումը։ «Չեմ կարող ասել, քննարկվում են այդ հարցերը»,- նշել է նա՝ միաժամանակ համաձայն չլինելով գնահատականի հետ, որ գործընթացը փակուղում է հայտնվել: Նա հավելել է, որ նախապատրաստվում են հաջորդ հանդիպմանը։

«Կոնկրետ ամսաթվի վերաբերյալ պայմանավորվածություն չկա»,- ասել է նա Factor TV-ի հետ զրույցում։

Նա չի պատասխանել նաև այն hարցին, թե այս տարի նախատեսվո՞ւմ է որևէ հանդիպում։

«Չե՛մ կարող ասել, որովհետեև երկկողմանի պայմանավորվածությամբ է որոշվում հանդիպման օրը, այս պահին դեռ չկա օրվա վերաբերյալ պայմանավորվածություն»,–նշել է նա։

Ըստ փոխվարչապետի՝ քննարկումներ եղել են, թե որտեղից պետք է սկսվի սահմանազատման հաջորդ փուլը։

«Տարբեր վարկածներ քննարկվել են՝ վերջին հանդիպման ժամանակ, բայց ավելի բան չեմ կարող ասել, կա պայմանավորվածություն հանրային խոսքում սահմանափակվել այն տեղեկությամբ, որը պաշտոնապես հրապարակվել է»։,–ասել է նա։

Հիշեցնենք նաև, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 22-ին Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպման ժամանակ կորոշվի, թե որ հատվածում պետք է Երևանն ու Բաքուն շարունակեն սահմանազատումը։ Նա հույս էր հայտնել, որ քննարկումները կշարունակվեն Բաքվում COP29-ի ավարտից հետո։ 2024 թվականի օգոստոսին հայտնի դարձավ, որ ավելի քան երկու տարվա բանակցություններից հետո Երևանն ու Բաքուն, ըստ ՀՀ ԱԳՆ-ի, փոխադարձ համաձայնությամբ որոշել են խաղաղության համաձայնագրի նախագծից հանել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը վերաբերող հոդվածը: